ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Չիլին առաջինն է, սակայն առաջնությունում միայն սա չէր հետաքրքիր

Չիլին առաջինն է, սակայն առաջնությունում միայն սա չէր հետաքրքիր
07.07.2015 | 10:51

Չիլիում ավարտվեց Ամերիկայի գավաթի խաղարկությունը: Երրորդ տեղի համար մրցեցին Պերուի և Պարագվայի ընտրանիները: Պիտի ասել, որ թիմերը տարբեր տրամադրությամբ էին մոտեցել մրցաշարի գլխավոր խաղին. կիսաեզրափակչում երկուսն էլ զիջել էին մրցակիցներին, սակայն զիջել էլ կա, զիջել էլ: Ի տարբերություն արգենտինացիներից պարագվայցիների կրած խայտառակ պարտության՝ 1:6, Պերուն Չիլիի հետ մրցակցությունում խիստ պատվավոր էր պարտվել՝ 1:2 (չմոռանանք, որ արդեն քսաներորդ րոպեից նրանք խաղացել են տասը հոգով):

Առաջնության փոքր եզրափակիչն անցել է անհաշտ, գերլարված պայքարում, առավել հաջողակ են եղել ինկերը՝ 2:0: Հիշեցնենք, որ նրանք երրորդն են եղել նաև գավաթի նախորդ խաղարկությունում: Ի դեպ, սա երկրորդ դեպքն է, որ Ամերիկայի գավաթի սփոփիչ եզրափակչում խփվում է երեքից պակաս գոլ, ինչը, բնականաբար, ոչնչով չի ստվերում ինկերի հաղթանակը:
Ինչ վերաբերում է գլխավոր եզրափակչին, տանտերերը արգենտինացիներին թույլ չտվեցին իրենց դարպասը խոցել, բայց իրենք էլ չկարողացան գոլ խփել: Հանգուցալուծումը եղավ հետխաղյա տասնմեկմետրանոցների տեսքով, որի ժամանակ հաջողությունն ուղեկցեց չիլիացիներին՝ 4:1: Գավաթի խաղարկության պատմության մեջ նրանք առաջին անգամ դարձան առաջինը: Եթե հանգամանքները շարունակեն այսպիսի ընթացք ունենալ, ապա վախենում եմ, որ Մեսիին այդպես էլ բախտ չվիճակվի հավաքականի կազմում դառնալ առաջինը: Հիշենք, որ աշխարհի վերջին առաջնությունում էլ երկրի ազգայինի հետ նա երկրորդն էր:
Ասենք, որ գավաթի խաղարկությունը միայն բուն ֆուտբոլային զարգացումներով չառանձնացավ: Հիշենք, թե ընտրանու հաղթանակը ընկերուհու հետ կազինոյում բուռն նշելուց հետո սեփական թանկարժեք «Ֆերարին» ինչպես ջարդուփշուր արեց Արթուրո Վիդալը, ինչպես չբերեց Էդինսոն Կավանիի բախտը, ում հայրը ՈՒրուգվայ-Չիլի վճռորոշ հանդիպումից մեկ օր առաջ մահացու ելքով վրաերթի մասնակից դարձավ, ու ֆուտբոլիստի հոգեկան ծանր վիճակն իբր քիչ էր, չիլիացի Գոնսալա Խարան խաղի դրվագներից մեկում (ենթադրվում է՝ զուտ առողջ մղումներով) փորձեց տեղեկանալ նրա անդրավարտիքի պարունակության հավաստիությունից ու հասնել նրան, որ ուրուգվայցուն «պատվեցին» կարմիր քարտով (միջանկյալ նշենք, որ միջադեպին շատ արագ արձագանքեց գերմանական «Մայնցը», որի կազմում հանդես է գալիս Խարան. ֆուտբոլիստն իսկույն ևեթ հանվել է տրանսֆերի):
Սակայն գավաթի խաղում միայն այս հերոսությունները չէին: Ավելի վաղ պատժվել էր Նեյմարը, ով Կոլումբիայի հետ խաղում նախ հարվածեց մրցակից թիմի խաղացողին, ապա անպատվեց մրցավարին, ինչի համար որակազրկվեց երեք խաղով, թեև միջադեպի առաջին դրվագում նույնպես առկա էր ֆուտբոլիստին պրովոկացիայի ենթարկելու փաստը:
Ինչևէ, լատինաամերիկյան ֆուտբոլը, որ եղել է ու կա համաշխարհային ֆուտբոլի ջահակիրներից մեկը, վերջին ժամանակներս սկսել է ավելի շատ աչքի ընկնել ոչ այնքան խաղի բովանդակային կողմով, որքան այդ խաղերի ընթացքում ֆուտբոլիստների օրիգինալ պահվածքով: Հիշենք նաև, թե աշխարհի վերջին առաջնությունում, զուտ հետաքրքրասիրությունից դրդված, Լուիս Սուարեսն ինչպես էր փորձում «համտեսել» Կելինիի ուսագլխի միսը (ֆուտբոլիստի կենսագրության մեջ սա մրցակցին կծելու երրորդ դեպքն էր, ու փաստի նկատմամբ տագնապն այնքան մեծ էր, որ նրան անցած տարի գնած «Բարսելոնը» պայմանագրի մեջ հատուկ կետ էր նախատեսել չկծելու վերաբերյալ):
Առաջնության արդյունքներով կազմվել է Ամերիկայի գավաթի խորհրդանշական հավաքականը, որտեղ տեղ է գտել հաղթող Չիլիի ընտրանու միանգամից հինգ խաղացող` դարպասապահ Կլաուդիո Բրավոն, պաշտպան Հարրի Մեդելը, կիսապաշտպաններ Մարսելիո Դիասն ու Արթուրո Վիդալը, հարձակվող Էդուարդո Վարգասը: Սակայն խորհրդանշականում միայն նրանով չիլիացիների ներկայացուցչությունը չի ավարտվում: Նրանց է միացել նաև հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին: Խորհրդանշական հավաքականում են նաև արգենտինացիներ Նիկոլաս Օտամենդին, Խավիեր Մասկերանոն, Լիոնել Մեսին, պերուացիներ Քրիստիան Կուևան, Պաուլո Գերերոն, կոլումբիացի Ջեյսոն Մուրիլիոն: Ինչպես տեսնում եք, այստեղ չկա և ոչ մի բրազիլացի մարզիկ: Մյուս կողմից էլ, ո՞ր մի արժանիքի համար լիներ: Առաջնության լավագույն խաղացողի մրցանակը հանձնվել է Մեսիին, սակայն կազմակերպիչներին այդպես էլ չի հաջողվել համոզել մարզիկին ընդունելու այն:
Ահա այսպիսի բաներ, իսկ դուք ասում եք` Ռոնալդու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ